Ուժգին հակահարված շանտաժին. Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ դրեց Մոսկվային




Նիկոլ Փաշինյանի դեմ ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում արշավ է ծավալվել Բրյուսել կատարած այցից հետո:


Հեգնական տոնից մինչեւ սպառնալիքներ, հատուկ ծառայությունների պրանկերների սադրանք, ովքեր փորձել են պարզել Բրյուսելում զրույցների մանրամասները:

Հայաստանին սպառնում են Ուկրաինայի օրինակով, եւ ենթադրվում է՝ նկատի ունեն սահմանին ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանի կողմից:

Իսկ Բրյուսելից հետո տեղի ունեցավ Փանիկի միջադեպը, երբ ռուս զինծառայողները վարժանքի անվան տակ ներխուժել էին գյուղ ու կրակել ու պայթեցումներ արել:

Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպը որակեց որպես հայ-ռուսական բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սադրանք:

Ռուսական այս շրջանակների արշավը նոր բան չէ, նախկինում նման դրսեւորումներ նույնպես եղել են, հատկապես Հայաստանի ԵՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման ժամանակաշրջանում: Սակայն ներկայում կան որոշակի առանձնահատկություններ:

Ռուսաստանում նկատելի է շփոթվածություն Հայաստանի վերջին ամիսների իրադարձությունների կապակցությամբ:

Ռուսները չմիջամտեցին հեղափոխական գործընթացներին, այն համարելով Աստծո եւ հայ ժողովրդի կամքը,

մյուս կողմից, չնայած հայկական հեղափոխության արտաքին կողմնորոշման հենքի բացակայության մասին հայտարարություններին ու հավաստիացումներին, ռուսական այդ շրջանակներում գեներացվում է Հայաստանի հանդեպ որոշակի վերաբերմունք:

Անորոշությունը խորանում է նաեւ նոր իշխանության պահվածքից, որը կոտրում է դիվանագիտական ձեւականությունները եւ փորձում հաստատել պարտավորեցնող հարաբերություններ եւ պատասխանատվություն արտաքին հարաբերություններում, ինչն անսովոր է ռուսական էլիտաների համար:

Նախորդ վարչակարգը այլ ոճ էր որդեգրել, որը ենթադրում էր արտաքին հարաբերություններում խնդիրների «կոծկումը»:

Արմեն Աշոտյանը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ակտիվ գրառումներում հենց դա է խորհուրդ տալիս նոր իշխանությանը՝ «մի կաթիլ մեղր չսարքել», խնդիրները փորձել կարգավորել «տակից» եւ այլն:

Այս ոճը հանգեցրել էր ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակի, այլեւ արտաքին, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների այլասերման,

երբ Հայաստանը փաստացի ծառայություններ էր մատուցում արտաքին գործընկերներին ու Ադրբեջանին՝ բանակցային հայտնի մեթոդաբանությամբ, ներսում իշխելու «յառլիկի» դիմաց:

Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում կտրուկ «հանգուցալուծեց» այս իրավիճակը, պատասխանելով ռուսական կողմից բուն ու անուղղակի կրակոցներին.

«Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատալ,

որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»:

Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց ռուսական երաշխիքների, նույնիսկ եթե ինքնուրույն կամ այլ գերտերության հորդորով սկսի այն: Դա միանշանակ է, եւ դա պարզ դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:

Նիկոլ Փաշինյանն այսպիսով փորձում է կանխել հնարավոր սադրանքները քաղաքական ու ռազմական գործողությունների մասով, ուղիղ պատասխանատվության տակ դնելով Ռուսաստանին:

Ընդհանրապես, Մոսկվային պատասխանատվության դաշտ բերելն ի վերջո անխուսափելի էր, նկատի ունենալով թե Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի ավանդական քաղաքականությունը,

որը ենթադրում էր հայկական շահերի պարբերաբար հանձնումը, թե այդ քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայությունը:

Դա անվերջ չէր կարող շարունակվել, ընդ որում՝ խիստ օբյեկտիվ պատճառներով, եւ դա տեղի ունեցավ:

Ավելորդ է ասել, որ սա լիովին փոխում է իրավիճակը թե հայ-ռուսական հարաբերության, թե Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարի իմաստով:

(Visited 412 times, 1 visits today)